23 նոյեմբերի 2011 - 16:52 AMT
Հայ գիտնականներն առաջարկում են ստեղծել սեյսմակայուն շինարարության միջազգային մակարդակի գիտահետազոտական կենտրոն

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում, ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը`առաջարկելով ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգում գտնվող Հայսեյսմշին և կառույցների պահպանության գիտահետազոտական ինստիտուտը պետական մասնաբաժնով ՀՀ ԳԱԱ համակարգ տեղափոխել և ինստիտուտի բազայի վրա սեյսմակայուն շինարարության գիտահետազոտական և փորձարարական ստրուկտորական հանրապետական կենտրոն ստեղծել: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։

Նպատակն է ինստիտուտի հիմքի վրա ստեղծել սեյսմակայուն շինարարության միջազգային մակարդակի գիտական հետազոտական կենտրոն, որը կզբաղվի ոլորտի հիմնախնդիրների հետազոտություններով` համագործակցելով համապատասխան մասնագիտացված կառույցների և կազմակերպությունների հետ:

Մինչ որոշում կայացնելը երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը ներկաներին ներկայացրեց «Հանրապետությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում կատարվող գիտական հետազոտությունների մասին» զեկույցը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակդեմիկոս Բորիս Կարապետյանը,ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեւադա Հովհաննիսյանը և այլոք։

Ելույթ ունեցողները նշեցին, որ ներկայումս հանրապետությունում ոչ մի գիտական կամ ուսումնական հաստատությունում կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հիմնարար, փորձարարական, նպատակային, ծրագրավորված գիտական լայն մասշտաբային հետազոտություններ չեն իրականացվում: Եվ այս ամենը տեղի է ունենում հանրապետությունում նոր թափ ստացած շինարարության և, հատկապես, բարձրահարկ շենքերի շինարարության ծավալների աճի, ճանապարաշինության, ջրային տնտեսության, հիդրոտեխնիկական և էներգետիկական համակարգերի նոր` ոչ ավանդական օբյեկտների նախագծման ու շինարարության պայմաններում: Սրանով է պայմանավորված առաջարկվող կենտրոնի ստեղծումը: