23 նոյեմբերի 2011 - 19:35 AMT
Հայաստանը Պաշտոնական հյուրի կարգավիճակ կստանա Հնագիտական զբոսաշրջիկության XIV միջազգային ցուցահանդեսում

Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը:

Այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից:

Հայկական տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային և հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest) կարգավիճակ, ինչն ընձեռում է մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ և կենտրոնական դերակատարություն: