25 նոյեմբերի 2011 - 16:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԼՂՀ-ն պետք է աշխատի իր միջազգային ճանաչման ուղղությամբ, գտնում է Կիրո Մանոյանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետ մեկտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսել: Այդ մասին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը հայտնել է ՀՅԴ «Հայ դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ այդ գործընթացը պետք է իրականացնի ինքը` Արցախը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա Մանոյանի խոսքով` դա պետք էր անել 1991-1992 թվականներին, իսկ այժմ նպատակահարմար չէ նման քայլ ձեռնարկել տեղի ունեցող բանակցային գործընթացի պայմաններում:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում ներկայիս իրադրությանը` Մանոյանը հայտնել է, որ միջնորդներն արդեն հասկացել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագան դուրս է Ադրբեջանի շրջանակներից: Նրա խոսքով` այժմ կարգավորման այնպիսի բանաձևի որոնումներ են ընթանում, «որը կօգնի փրկել Ադրբեջանի դեմքը»: Ընդ որում, Մանոյանը նկատել է, որ թեև ինքնին Ադրբեջանի համաձայնությունը կարգավորման հնարավոր ծրագրին կնպաստի խաղաղ գործընթացին, այդ համաձայնությունը պարտադիր չէ, ինչպես Կոսովոյի դեպքում:

Քննարկումը կազմակերպվել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից` ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) աջակցությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ