28 նոյեմբերի 2011 - 19:35 AMT
Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա համանախագահ Ժակ Ֆորը

Տարածաշրջանային այցի շրջանակում Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահների հետ միասին Հայաստան է ժամանել ՄԽ ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը մինչ այդ հայտագրված չէր: Տեղեկատվության համաձայն, նա Ֆասյեին կփոխարինի 2012թ. հունվարին:

Պատվիրակությունն արդեն հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դա կլինի Ֆասյեի վերջին այցը տարածաշրջան` ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում:

Ժակ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է: