29 նոյեմբերի 2011 - 11:12 AMT
Վարդան Օսկանյան. Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին

Իրանի հանդեպ պատժամիջոցները դեռ չեն անդրադարձել Հայաստանի վրա, սակայն, եթե Թեհրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն, դրանք կվնասեն նաև Հայաստանին: Այդ մասին Քաթարի Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը նոյեմբերի 26-ին «Եվրագոտու խնդիրների ազդեցությունը» ծրագրի հյուրն էր:

«Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պարտավոր է հարգել պատժամիջոցների դրույթները: Ուստի Հայաստանը միշտ հանդես է գալիս բանակցությունների օգտին: Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին»,-ասել է նա:

Լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունները հնչեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցից հետո: ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասված է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստացել են ակնհայտ ապացույցներ այն բանի մասին, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը դա կտրականապես ժխտում է:

Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ: