«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը և «Black Sea Ferry and Investments» (BFI) ՍՊԸ գլխավոր տնօրեն Խոկիմ Մատչանովն երեկ երեկոյան ստորագրեցին երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը: Համաձայն սույն պայմանագրի, «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Black Sea Ferry and Investments» ընկերությանը կտրամադրի իր շարժակազմը Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխման նպատակով, ինչպես նաև մատուցելու է երկաթուղային բեռնափոխադրումների գործընթացի կարգավորման ծառայություններ:
Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀԿԵ-ն` որպես համազգային տրանսպորտային ընկերություն, հատուկ ուշադրություն է դարձնում Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ ծովային լաստանավային երկաթուղային գծի օպերատոր հանդիսացող «Black Sea Ferry and Investments» ՍՊԸ-ի հետ ռազմավարական համագործակցության զարգացմանը: Հիշեցնենք, որ նշված երկաթուղային լաստանավային գծով է Հայաստան ներկրվում բեռների մեծ մասը:
BFI – ն հանդիսանում է մի քանի երկաթուղային լաստանավային ուղղղությունների օպերատոր` օրինակ, «Կովկաս-Փոթի» և «Կովկաս-Սամսուն» Սև ծովում, «Ուստ Լուգա - Բալթիյսկ» և «Ուստ Լուգա – Զասնից» Բալթիկ ծովում, որտեղ շահագործում է «Սմաթ», «Ֆերուզ» և «Պետերբուրգ» երկաթուղային լաստանավեր:
Կովկաս լաստանավ – Փոթի լաստանավ – Հայաստանի Հանրապետություն միջազգային տրանսպորտային միջանցքը թույլ է տալիս սեղմ ժամկետներում և նվազագույն ծախսերով կազմակերպել դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը: Այս լաստանավային ուղղության վրա գործում է ունիվերսալ երկաթուղային-լաստանավային «Սմաթ» նավը: Նավի տարողությունը կազմում է 50 ցիստերն (50 ցորենի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21220 ֆութանոց կոնտեյներ: Տարեկան «Կովկաս-Փոթի» գծի վրա գործող BFI ընկերության նավերն երկու ուղղություններով իրականացնում են 40 ռեյսեր և փոխադրում են 1500 վագոն բեռ: