«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, հետամուտ լինելով ընտանեկան բռնության դեպքերի նվազեցման և ընտանեկան բռնության մասին մտածողության փոփոխության իր առաքելությանը, ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել ՀՀ հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալների վերաբերյալ:
«Հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, պահի հրամայական է դարձել անդրադառնալ դրանց բովանդակությանն ու սին գաղափարախոսությանը»,- նշվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:
Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:
Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ: