8 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT
Իտալիան ակտիվացնում է հարաբերությունները հայ գործարարների հետ

«Ես ինձ պատասխանատու եմ զգում և պահպանում եմ հավատարմությունը Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունների բարելավմանը»,-հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի հիմնական ուղղություն է առանձնացրել: «Այժմ ես աշխատում եմ Հայ-իտալական ձեռներեցների ասոցիացիայի ստեղծման նախագծի վրա»,-ասել է նա:

Դեսպանն ընդգծել է, որ դա լավ հիմք կծառայի կրթության ու մշակույթի ոլորտում հետագա համագործակցության համար: Դեսպանը հավելել է, որ մի շարք իտալացի ձեռներեցներ արդեն ցանկություն են հայտնել համագործակցություն սկսել: «Ես կապվել եմ մի քանի գործարարների հետ, որոնք ողջունել են ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ինչն արդեն իսկ խորհրդանշում է առկա հարաբերությունների մակարդակը: Այդ նախագծից հետո մենք կկարողանանք ընդլայնել դաշտը ու ծրագրեր սկսել ուսանողների փոխանակման, համատեղ համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ և այլն»,-ամփոփել է Սկապինին: Ասոցիացիայի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2012թ. սկզբում, և մոտ ապագայում կմեկնարկեն:-