13 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT
Շարմազանով. Ղարաբաղի մասով Չիչեքի հայտարարությունը խոսում է Թուրքիայի անսկզբունքայնության մասին

Անկարայում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շաղկապված լինելու վերաբերյալ հայտարարությունը վկայում է Թուրքիայի քաղաքականության անսկզբունքայնության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Թուրքիան իրավունք չունի քննադատելու այլ երկրներին տարածքների օկուպացման համար, քանի դեռ ինքն է եվրոպական երկրներից մեկի տարածքի օկուպանտը: «Ի՞նչ աստիճանի ցինիզմ պետք է ունենան թուրքական քաղաքական գործիչները, որ հաշվի առնելով բոլոր փաստերը, ինչպես նաև ժխտողական քաղաքականություն վարելով իրենց գործած ոճրի` Հայոց ցեղասպանության առնչությամբ, խոսեն Խոջալուի մասին»,- ընդգծել է Շարմազանովը:

Վերջում փոխխոսնակը նկատել է, որ թուրքական խոսնակի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի հակահայկական քարոզչության դրսևորումն ու թուրքական իշխանությունների` փաստերը խեղաթյուրելու մոլուցքի վկայություն:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ելույթ ունենալով Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշ-երեկոյին, նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր պայմանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ»,- հայտնել է Չիչեքը` Հայաստանին կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքները: