13 դեկտեմբերի 2011 - 16:10 AMT
Ռուբեն Մելքոնյան. Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ

Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հնարավոր է՝ Հայաստանը և Թուրքիան հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն դրանք երբեք բարեկամական չեն լինի»,- ընդգծել է Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիան պրոբլեմային երկիր է, «որի մասին վկայում են այլ երկրների հետ նրա հարաբերությունները»: Այս համատեքստում հայ փորձագետը օրինակ է բերել թուրք-սիրիական հարաբերությունները, որոնք փայլուն էին համարվում: «Սակայն մենք ականատես դարձանք նրան, թե ինչպես մեկ շաբաթվա ընթացքում այդ փայլուն հարաբերությունները դարձան թշնամական: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, որ հավատարիմ է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությանը»,- ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ համանման իրադրություն է ստեղծվել նաև Հունաստանի, Կիպրոսի և Բուլղարիայի դեպքում: