19 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT
Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում

Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում հայտնի հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի Բյուրականի սպեկտրալ շրջահայության ընդգրկման կապակցությամբ հավաստագրի հանդիսավոր հանձնումը: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին հավաստագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից հանձնեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

Հանձնելով հավաստագիրը, Հովակիմյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ծրագիրը կոչված է կանխելու արխիվների ու գրադարանների ոչնչացումը և այժմ ռեգիստրը ընդգրկում է 239 անուն աշխարհի 100 երկրներից: Նա նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը տեղ է զբաղեցրել ռեգիստրում Չինաստանի կայսրների և Ազգությունների լիգայի արխիվների, Կոպերնիկոսի, Բախի ու Բեթհովենի աշխատանքների կողքին:

Հայկ Հարությունյանն իր հերթին հավելեց, որ լրագրողների հետ հանդիպումները աստղադիտարանում արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը «վկայում է այն մասին, որ Բյուրականը մի գիտական կենտրոն է, որն այնպիսի արդյունք է տալիս, որով Հայաստանը կարող է հպարտանալ»: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը Հայաստանից երկրորդն է այդ ռեգիստրում Մատենադարանից հետո:

Հայկական աստղագիտական ընկերակցության ղեկավար Արեգ Միքայելյանը կարևորեց Մարգարյանի աշխատանքը և նշեց, որ այն Հայաստանում թվայնացված առաջին գիտական աշխատանքն է և առաջիններից մեկն աշխարհում: Նա նշեց նաև, որ Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունը հիմք հանդիսացավ հայկական վիրտուալ աստղադիտարանի համար: