22 դեկտեմբերի 2011 - 16:53 AMT
Քեն Խաչիկյան. Հավանաբար, մի քանի շաբաթից Ֆրանսիայի Սենատը ևս կընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, մնում է, որ այն հավանության արժանանա նաև Սենատում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քենեթ Խաչիկյանը:

Ըստ Խաչիկյանի, Սենատում օրենքի ընդունման համար մի քանի շաբաթ կպահանջվի: Սակայն, Խաչիկյանը լավատեսորեն է տրամադրված, անկախ նրանից, որ «Թուրքիան, հավանաբար, կշարունակի սպառնալ Ֆրանսիային»:

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: դեռ հայտնի չէ կողմ և դեմ քվեարկածների հարաբերակցությունը:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Փարիզի դեմ: Թուրքիան սպառնացել է նաև դեսպանին ետ կանչել Փարիզից, եթե Ֆրանսիան ընդունեի օրենքը: