22 դեկտեմբերի 2011 - 18:08 AMT
«Ժառանգությունը» սատարում է Քաջարանի գյուղացիների պայքարին ընդդեմ գյուղի հողերի օտարման

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ սատարում է սահմանամերձ Քաջարան գյուղի և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 5 գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի բնակիչների պայքարին` ընդդեմ իրենց հողերի (500 հեկտարից ավելի) նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, որի համաձայն դրանք ձեռք է բերելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ):

«Ներկայիս կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերական ոլորտում ուղղակի խոչընդոտում է Հայաստանի գյուղատնտեսության, զբոսաշրջության և առողջապահության զարգացման ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության մեջ աշխատող քաղաքացիներին արժանապատիվ աշխատավարձով ապահովմանը և հանքարդյունաբերությունից առավել տուժող շրջակա բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, դրանց բնակիչների առողջական և կենցաղային խնդիրների կանխարգելմանն ու լուծմանը»,- գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ և անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու փորձերը` նրանց սեփականության իրավունքներից հրաժարվելու ուղղությամբ։