22 դեկտեմբերի 2011 - 18:13 AMT
Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» գազի գնի բարձրացման վերաբերյալ

Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» 2012թ. ապրիլին գազի գնի բարձրացման վերաբերյալ, դեկտեմբերի 22-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Պաշտոնական տեղեկություններ մենք չունենք, երբ ունենանք, կհայտնենք»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին գալիք տարում, ապա, ըստ նախարարի, Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա իրավիճակում և գազի ներկայիս սակագների պահպանման դեպքում էլեկտրաէներգիայի գինը 2012թ. չի աճի: Անդրադառնալով էներգակիրների համաշխարհային գների աճի միտումներին՝ նախարարն ասել է, որ այդ կանխատեսումները շատ հակասական են, ուստի գների կանխատեսումներ դեռ չկան, իսկ թե ինչ տեղի կունենա փաստացի, կյանքը ցույց կտա: