22 դեկտեմբերի 2011 - 21:28 AMT
Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ Ֆրանսիան պետք է դուրս բերվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմից

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Իլյաս Իսմայիլովը գտնում է, որ Ֆրանսիան Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո չի կարող օբյեկտիվ միջնորդ համարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ֆրանսիան պետք է դուրս բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որովհետև այդ օրենքի ընդունմամբ նա ապացուցեց, որ հանդես է գալիս Հայաստանի կողմից: Ադրբեջանը պետք է Թուրքիայի կողքին լինի»,- Իսմայիլովի խոսքն է հաղորդում day.az-ը:

Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով Ֆրանսիան պետք է պատասխան տա միայն այն պատմական իրադարձությունների համար, որոնք կատարվել են իր տարածքում: Սակայն Ֆրանսիան գերադասեց պատասխանատվության ենթարկել բոլորովին այլ տարածաշրջանում հարյուրամյա հնության իրադարձությունների ժխտման համար:

Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին: Առայժմ չի հաղորդվում, թե քանի պատգամավոր է քվեարկել «կողմ», քանիսը` «դեմ»:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ: Թուրքիան նաև սպառնում էր հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել էր նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: