Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2011 թվականի հունվարի 1-ից իրականացնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների և տեղաբախշման գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրություն՝ մոնիտորինգ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկայացրեց հուլիս և հոկտեմբեր ամիսների իրենց դիտարկումների արդյունքները։
Նրա առաջին դիտարկումը վերաբերում էր հեռարձակման ժամանակին. Շիրակի մարզում, որտեղ որ իրականացվում են դիտարկումները, հեռարձակումը ոչ թե շուրջօրյա է, այլ 17-21 ժամ, և տարվա մեջ ընդամենը մի քանի հատուկ օրերին է եղել շուրջորյա. «Սա առաջին հերթին սահմանադրության խախտում է, քանի որ ենթադրվում էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են, սակայն Երևանում և Արարատյան դաշտավայրում հեռարձակումն իրականացվում է շուրջօրյա, իսկ մարզերում՝ ոչ»։
Ինչ վերաբերում է ընդհանուր եթերաժամանակում գովազդի չափի պահպանմանը, ապա, ըստ բանախոսի, «Գովազդի մասին» նոր օրենքի ընդունումից հետո խախտումները նվազել են, քանի որ թույլատրելի սահմանը 10 րոպեից հասել է 14-ի։ «Մեր սուբյեկտիվ կարծիքով «Հ1»-ում ամեն ինչ անում են այս շեմը չհատելու համար, քանի որ գրանցվում են գովազդային բլոկեր 13.57, 13.40 րոպե տևողությամբ, սակայն այնուամենայնիվ, փրայմ-թայմի ժամանակ խախտումներ լինում են։
Խոսվեց նաև հնարավոր քողարկված գովազդի մասին, երբ որևէ սերիալի կամ հաղորդման ժամանակ ցուցադրվում է որևէ ապրանքանիշ կամ ռեստորանի լոգո. «Օրենքը ոչ մի կերպ սա չի կանոնակարգում, և այնպիսի դեպքեր են գրանցվել, որ մեկ ժամում ստացվել է 20 րոպե գովազդ։ Ինչպե՞ս սա կանոնակարգենք։ Ո՞վ պետք է վերահսկի»