23 դեկտեմբերի 2011 - 16:15 AMT
Երևանում մեկնարկել է շախմատիստ Հակոբ Մոկացյանի 90-ամյակին նվիրված մրցաշարը

Դեկտեմբերի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց հայտնի շախմատիստ Հակոբ Մոկացյանի 90-ամյակին նվիրված մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են պատանիներ և վետերաններ: Նրանք մրցում են արագ շախմատում, յուրաքանչյուրը երկուական պարտիա է խաղալու սպիտակ և սև խաղաքարերով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասել է, որ Մոկացյանը հսկայական ավանդ ունի հայկական շախմատի զարգացման գործում: «Ես նրա սանն եմ և շատ բան եմ սովորել նրանից: Մոկացյանը 1960-ականներին բացեց առաջին մասնագիտացված շախմատի դպրոցը, ինչը նպաստեց այս մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Եվ այսօր մրցում են նրա սաներն ու պատանի շախմատիստները, որոնք այժմ սովորում են շախմատի դպրոցում»,-ասել է Լպուտյանը:

Հակոբ Մոկացյանը մասնակցել է Հայաստանի 19 առաջնությունների, երկու անգամ դարձել է արծաթե մրցանակակիր: