Իսրայելյան դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնել է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումների նախաձեռնող Զահավա Գալյոնը:
«Դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, չէ որ հրեա ժողովուրդը պետք է առաջինը ճանաչի անցյալի ողբերգությունները»,- ընդգծել է նա` հույս հայտնելով, որ ցեղասպանության ճանաչումը չի վատթարացնի Թուրքիայի հետ հարաբերությունները:
Քնեսեթի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին քննարկում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հարցը:
Այս առաջարկը Քնեսեթում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ:
Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին: