26 դեկտեմբերի 2011 - 14:18 AMT
2011 թվականը լճացման տարի էր, վստահ է Անդրանիկ Թևանյանը

Ավարտվող 2011թ. լճացման տարի էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: «Լճացման տարի էր, քանի որ պահպանվեցին բոլոր այն բացասական երևույթները, որ կային»,-ասել է նա:

Թևանյանը նշել է, որ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չկատարեցին սոցիալ-տնտեսական ոլորտի խոստումներից ոչ մեկը, շարունակվեցին բիզնեսի խոշորացման և օլիգարխների ուժեղացման գործընթացները: Նա, մասնավորապես, հիշեցրել է իշխանությունների խոստացած 8-10 տոկոս տնտեսական աճը, աղքատության նվազեցումը 10 տոկոսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե համաշխարհային ճգնաժամը չի անդրադառնա Հայաստանի վրա և այլն: Թևանյանը հավելել է, որ նույնիսկ այժմ իշխանությունների հռչակած տնտեսական աճն արձանագրվում է գնաճի, ոչ թե էկոնոմիկայի իրական աճի հաշվին: