26 դեկտեմբերի 2011 - 17:53 AMT
ԼՂՀ նախագահ. Լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Դրմբոն գյուղում գտնվող «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքարդյունաբերական գործարան եւ ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին:

Նախագահն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին:

Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի եւ ողջունել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորյա ընդունելությանը եւ ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը