28 դեկտեմբերի 2011 - 16:12 AMT
Արսեն Ղազարյանը հավատում է, որ Հայաստանին կհաջողվի վերականգնել արդյունաբերական ներուժը

Հեռացող տարին բավական դժվար էր, բայց նշանավորվեց նաև որոշակի ձեռքբերումներով, գտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Առաջին հերթին դա երկրի նախագահի և կառավարության թիրախային քաղաքականությունն է արտահանմանն ուղղված ձեռնարկություններին աջակցելու ուղղությամբ, այսինքն` ընդունվել են մեխանիզմներ, որոնք նախկինում բացակայում էին երկրի տնտեսության մեջ»,- ասել է նա դեկտեմբերի 28-ին Երևանում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ընդունելությունից հետո:

Երկրորդ ձեռքբերումը Արսեն Ղազարյանը համարում է այն, որ վերջապես ներկայացվեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության զարգացման հայեցակարգը: «Համենայնդեպս, մենք արդյունաբերության վերականգնման ներուժ և արտահանման ծավալների ավելացման լուրջ տեմպեր կունենանք, ինչին ես իսկապես հավատում եմ»,- ընդգծել է նա: