ԱՄՆ-ն ուրանը մինչև 20 տոկոսով հարստացնելու Իրանի որոշումը այդ երկրի կողմից միջազգային պարտավորությունների նոր խախտում է համարում: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Ենթադրում եմ, որ եթե ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ իրանցիներն ուրանը հարստացնում են մինչև Ֆորդու օբյեկտում ծրագրին չհամապատասխանող մակարդակը, դա վկայում է խնդրի առկայության մասին: Մենք ակնդետ հետևում ենք այդ միջուկային ծրագրին, և դեպքերի նման զարգացումը մեզ համար անակնկալ չէ»,- նշել է նա:
Նրա խոսքով` եթե իրանցիներն ուրանը մինչև 20 տոկոսով հարստացնում են Ֆորդու օբյեկտում, դա վկայում է նրանց ստանձնած պարտավորությունների, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հետագա խախտման մասին:
«Մենք կրկին Իրանին կոչ ենք անում դադարեցնել ուրանի հարստացման ուղղությամբ գործունեությունը և պահպանել ՄԱԿ ԱԽ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները»,- ընդգծել է Նուլանդը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն հաստատել է, որ մահմեդականների համար սրբազան Քումա քաղաքի մերձակայքում գտնվող Ֆորդու լեռան ներսում ստեղծված ստորգետնյա թունելներում ստեղծված միջուկային կենտրոնը շահագործման է հանձնվել:
Ավելի վաղ հրապարակված գնահատականների համաձայն, ԱՄՆ-ն և Իսրայելը ունեն հզոր ռումբեր, որոնք նախատեսված են ստորգետնյա բունկերների ոչնչացման համար, սակայն ընդունակ չեն ոչնչացնել լեռան մեջ գտնվող օբյեկտները: