10 հունվարի 2012 - 10:19 AMT
Ֆրանսիացի գրողը կոչ է արել սենատորներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հայտնի ֆրանսիացի գրող Բերնար-Անրի Լևին ամերիկյան Huffington Post-ում կոչ է արել ֆրանսիացի քաղաքական գործիչներին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ու վերականգնել արդարությունը:

«Սուրբ ծննդյան տոներից առաջ Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, որի նպատակն է քրեականացնել ժխտողական ռեվիզիոնիզմը, չի առաջարկում պատմություն գրել պատմաբանների փոխարեն այն պարզ պատճառով, որ նրանք վաղուց արդեն արել են դա»,-գրում է Լևին:

Ըստ գրողի, հենց ռեվիզիոնիստներն են միշտ խոչընդոտել պատմաբանների աշխատանքին:

«Մենք միշտ իմացել ենք, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերը 20-րդ դարի սկզբում սիստեմատիկաբար ենթարկվել են ոչնչացման»,-նշում է գրողը՝ հավելելով, որ օրինագծի օգտին քվեարկած ԱԺ անդամներից ոչ մեկը չի համարել իրեն այդ պահին ճշմրատությունը հաստատող պատմաբան:

Վերջում Լևին ընդգծել է, որ «ժամանակն է դադարեցնել խեղդել հայկական ողբերգությունը «հիշատակի հետ կապված օրենքների» ծիսական դարձած փուչ քննդատության մեջ»: «Եկեք դիմակայենք ժխտողական փաստարկներին՝ ելնելով մեր ազգային իմասնտնությունից և թող սենատորներն ավարտեն այդ գործընթացն առանց ահաբեկվելու պատմաբանների մի փոքր խմբի կողմից»,-ամփոփել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, որով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք: