16 հունվարի 2012 - 15:10 AMT
Սաբինա Ֆրեյզեր. Չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը

«Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի միջև կապ չկա, և դրանք չի կարելի շաղկապել: Չնայած և չի կարել պնդել, որ դրանք առհասարակ կապված չեն: Որոշակի մակարդակում դրանք փոխկապացված են, սակայն պետք չէ հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը»,- bs-kavkaz.org տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Հայ-թուրքական արձանագրություններն իրականում բազմաթիվ հակառակորդներ ունեն, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ընդդիմությունում, հասարակական կառույցների միջավայրում: Բայց կա ևս մեկ շատ լուրջ խոչընդոտ` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով և չպետք է այն բացի, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան ենթադրում էր, որ կարող էր վարել դրանք` հաշվի չառնելով Բաքվի կարծիքը և չսպասելով ադրբեջանցիների կողմից այդքան բուռն արձագանքի: Սակայն թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների վրա. հասարակությունը և ազգայնական ուժերը հասան նրան, որ Անկարան Երևանի հետ հարաբեությունների ժամանակ ստիպված եղավ հաշվի առնել Բաքվի կարծիքը»,-ընդգծել է Ֆրեյզերը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան, Ֆրեյզերն ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն տարբերակն այն է, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այսինքն` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների տրամադրում: Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, պահպանելով կապը միայն Հայաստանի հետ: Ղարաբաղում կա գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, ուստի միջանկյալ կարգավիճակը նրան հնարավորություն կտա հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, ներդրումներ ներգրավել»: