17 հունվարի 2012 - 13:37 AMT
Ըստ Մկրտիչ Մինասյանի, Հայաստանի նախագահը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի անձնական կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը ԱԺ ընտրություններում: Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջիկա համագումարին, որտեղ վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակը, ապա, ըստ նրա, այն հավանաբար կկայանա փետրվարի վերջում կամ մարտի սկզբին:

Մինասյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ սոցհարցման արդյունքները, որոնք վկայում են, որ կուսակցության հանդեպ վստահությունը բնակչության շրջանում աճում է և այն կարող է բացարձակ հաղթանակ տանել ապագա ընտրություններում: Ըստ նրա, բացարձակ հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրություններից հետո, սակայն, հավելել է. «ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից»: Նա նշել է, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում նույնիսկ այն ոլորտների համար, որոնք գլխավորում են նրա կոալիցիոն գործընկերները:

Ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը իր ցածր վարկանիշի պատճառով չի կարողանա անցնել նոր գումարման խորհրդարան, Մինասյանն ասել է, որ «Օրինաց երկրի» ղեկավարությունը կկարողանա լուծել այդ հարցը: