17 հունվարի 2012 - 15:32 AMT
Սանկտ Պետերբուրգում բացվել է «Հայաստանի պետերբուրգյան գունապնակը» ցուցահանդեսը

Հունվարի 17-ին Սանկտ Պետերբուրգում` Նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Հայաստանի պետերբուրգյան գունապնակը» ցուցահանդեսը, հայտնում է BaltInfo-ն: Դա «Հայկական գունապնակ 2011» միջազգային սիպոզիումին մասնակցած մի խումբ նկարիչների ստեղծագործական հաշվետվությունն է: Խումբը ներառում է Յուրի Վասիլևին, Վալերի Օբեդկովին, Պյոտր Ռեյխետին, Ալեքսանդր Սայկովին, Ալեքսանդր Սնյատկովին, Պյոտր Տատարնիկովին:

«Հայկական գունապնակ 2011» առաջին սիմպոզիումն է, որը նվիրված է պլեներային գեղանկարչությանը: Այն կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության կողմից, որին աջակցել են «Փյունիկ» հիմնադրամը և «Լոռվա Ձոր» միությունը: Այն անցկացվել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

Ստեղծագործական անձնակազմը բաղկացած է Հայաստանի,Բելառուսի և Պետերբուրգի նկարիչների միությունների ներկայացուցիչներից: Նկարիչներն այցելել են տարբեր քաղաքներ, վանքեր, հիացել տարբեր տեսարժան վայրերով: Իրենց կտավներում նրանք պատկերել են Սատանի կամրջի ձորի խորությունը, Նորավանքի կարմիր ժայռերը, Դսեղի ձորի լայնարձակությունը և, իհարկե Հայաստանի խորհրդանիշը` սրբազան Արարատը: Հայկական վանքերը եվրոպական մշակույթի հնագույն կենտրոններ են և դրանք մինչ օրս պահպանել են իրենց նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործություններ, որոնք արվել են անմիջականորեն բնության գրկում, ինչպես նաև գործեր, որոնք արվել են արվեստանոցում` կուտակված նյութի հիման վրա:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 29-ը: