17 հունվարի 2012 - 19:19 AMT
Փորձագետ. Հայաստանը կզգա եվրոպական երկրների վարկանիշի անկումը միջնաժամկետ հեռանկարում

«Հայաստանի վարկանիշը վերջերս արդեն իջեցրել են, նոր իջեցումներ առայժմ չեմ ակնկալում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար Արամ Ղայֆաջյանը:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրների վարկանիշների անկմանը, ապա, նրա կարծիքով, դա հիմնականում կապված է արտաքին պարտքերի սպասարկման հետ կապված դժվարությունների ծագման ռիսկի հետ: «Այդպիսի ռիսկերի հետ կապված` ներդրողները սկսում են վաճառել այդ երկրների անկախ պարտատոմսերը, ինչը էլ ավելի է բարդացնում դրությունը»,- պարզաբանել է նա:

Փորձագետն արձանագրել է, որ այդ ամենը նշանակում է, որ «գլոբալ առումով ամեն ինչ չէ, որ կարգին է», և իրերի նման դրությունն անմիջապես չի անդրադառնա Հայաստանի վրա, սակայն միջնաժամկետ հեռանկարում այդ արտաքին գործոնների ազդեցությունը շղթայական սկզբունքով կանդրադառնա նաև Հայաստանի վրա:

«Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է գլոբալ փոփոխությունների նման տեսակներին և տնտեսական մրրկայնության նման ալիքին: Ոչ, պատրաստ չէ: Որովհետև մեզ չի հաջողվել ո'չ տնտեսության նոր դրայվերներ ստեղծել, ո'չ դիվերսիֆիկացնել առկա մասնաճյուղերը»,- հավելել է Արամ Ղայֆաջյանը: