18 հունվարի 2012 - 18:39 AMT
The Guardian. Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությանում ներգրավված են եղել նաև պաշտոնական անձինք

Սատմբուլի դատարանի որոշումը այն մասին, որ Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրված չի եղել, ավելի հեռացրեց մեզ ճշմարտությունից: Այդ մասին բրիտանական The Guardian-ին հայտնել է Թուրքիայի Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Գարդները:

«Դեռևս հետաքննության հենց սկզբից` 5 տարի առաջ, ակնհայտ էր, որ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցել են նաև պաշտոնական անձինք, և որ հետաքննությունում աշխատում են մարդիկ, ովքեր միասնական ցանց են ներկայացնում»,-Գարդների խոսքն ընդգծում է Guardian-ը:

«Այդ որոշումը կարող է հանգեցնել իշխանությունների անպատժելիությանը»,-ընդգծել է իրավաբանը:

Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրխան Թունջելիին և 10 տարի ազատազրկման Յասին Խայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

Գործով դատավարությունը ավարտվել է լրագրողի սպանությունից 5 տարի անց: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր իր պարբերականի խմբագրության առջև: Սպանության մեջ կասկածվող 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալավել էր միջադեպից 23 ժամ անց: 2011թ ամռանը Ստամբուլի դատարանը կայացրեց Սամաստին 21 տարի ազատազրկման ենթարկելու որոշումը: Լսումների ընթացքում Սամաստը հայտարարել էր, որ դարձել էր թուրք իշխանությունների հակահայկական պրոպագանդայի զոհ:

Դինքի ընտանիքի դատապաշտպանները կարծում են, որ Սամաստը հանցագործությունը պատվիրողների ձեռքում ընդամենը գործիք էր: