19 հունվարի 2012 - 11:38 AMT
Լրացել է Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը

Այսօր` հունվարի 19-ին, լրանում է հայ-թուրքական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ:

Այսօր, ինչպես և ամեն տարի, Ստամբուլում ծրագրվում է անցկացնել ակցիա` նվիրված Դինքի հիշատակին: Ինչպես հայտնում է Ստամբուլում PanARMENIAN.Net-ի աղբյուրը, ծրագրվում է անցկացնել լայնամասշտաբ ակցիաներ, քանի որ սպանության օրը համընկել է այդ գործով Ստամբուլի դատարանի որոշման կայացման օրվա հետ: «Ակցիաները կանցնեն 2 փուլով` ցերեկը և երեկոյան: Նախ ծրագրվում է իրականացնել խաղաղ երթ Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրատուն, որը սկսվում է թուրքական ժամանակով ժամը 13.00, իսկ երեկոյան տեղի կունենա մեկ այլ ակցիա` Իստիկլյալ գլխավոր փողոցով»,-ասել է աղբյուրը: