21 հունվարի 2012 - 11:33 AMT
Apple-ի թվային ձեռնարկները բարձրացնում են ուսանողների առաջադիմությունը

Apple ընկերության iPad պլանշետների թվային ձեռնարկ-դասագրքերի մեկ տարի ընթացող պիլոտային ծրագիրը ցույց է տվել, որ ուսանողների առաջադիմությունը մաթեմատիկա առարկայից բարձրացել է 20%-ով՝ համեմատած ավանդական գրքերով ուսումնական ծրագրի հետ։

Այս մասին հայտարարել է Houghton Mifflin Harcourt հրատարակիչը՝ ներկայացնելով պիլոտային ծրագրի արդյունքները, որն անցկացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Riverside Unified դպրոցում, գրում է Apple Insider-ը։

HMH Fuse կոչվող ծրագիրը օգնել է ուսանողների 78%-ին առաջադիմել թեստային քննություններից։ Այս քննական թեստերը ավանդական դասագրքերով ուսանողների 59% էր միայն կարողանում լավ արդյունքի հասնել։

Հիշենք, որ Apple ընկերությունը թարմացրել է իր գրքերի օնլայն խանութը iBooks-ը՝ համալրելով այն թվային ձեռնարկներով։ Յուրաքանչյուր դասագիրք-ձեռնարկ արժե 15 դոլար։ Բացի դրանից ընկերությունը թողարկել է iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։