ԱՄՆ հայ համայնքը, մասնավորապես Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ջավախահայերին օգնելու ծրագիր են մշակում: Ինչպես հայտնում է հանձնախմբի մամլո ծառայությունը, կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլու հետ:
«Վրաստանի իշխանությունները շահագրգռված են, որ այդ շրջանը զարգանա և ողջունում են համագործակցությունը ԱՄՆ իշխանությունների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հետ»,-ասել է դեսպանը:
Դեռ 2011թ. աշնանը Խաչիկյանը մեկնել էր Ջավախք մի խումբ ամերիկահայերի հետ իրավիճակին ծանոթանալու համար: Ծրագրի հիմնական նպատակն է աշխատատեղերի ստեղծումը Ջավախքում: «Մենք հուսով ենք, որ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ արդյունավետ կլինի»,-ասել է Խաչիկյանը: