23 հունվարի 2012 - 17:02 AMT
Ռուսաստանը միջնորդ կհանդիսանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար կապերի հաստատման հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանին էր հասցեագրված Բաքվի ու Երևանի՝ նման շփումների նախաձեռնողները լինելու խնդրանքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ռուսաստանը «միշտ կողմ է եղել նման հումանիտար կապերին և պատրաստ է կատարել միջնորդի դեր.:

Մեկնաբանելով նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում՝ Լավրովը նշել է, որ նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը «վստահություն են հայտնել ուղիղ հումանիտար, մշակութային, կրթական ու այլ շփումների հաստատման հարցում»: Ըստ ՌԴ ԱԳ ղեկավարի, երեք նախագահները խոստովանում են, որ նման շփումները կարևոր դերակատարություն ունեն «Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահությունը վերականգնելու ու ամրապնդելու հարցում, քաղաքական որոշումների համար առավելագույնս բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»: