24 հունվարի 2012 - 16:44 AMT
Ժնևում մեկնարկել է Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը

Ժնևում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը (WRC-12), որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունից։

Կոնֆերանսը սկսվել է լիագումար նիստով, որտեղ ընտրվել են ղեկավար կոմիտեի նախագահը և տեղակալները, Լիազոր, խմբագրական և ֆինանսական կոմիտեների, ինչպես նաև հետազոտական խմբերի նախագահները և տեղակալները: Կոնֆերանսի ղեկավար կոմիտեի փոխնախագահ է ընտրվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:

Միջոցառման շրջանակներում նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի և անդրադարձել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Նախարար Մ.Վարդանյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Սերբիայի, Լեհաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Հունվարի 23-ից մինչև փետրվարի 17-ը ընթացող ռադիոկոնֆերանսի ժամանակ կքննարկվեն աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր: