24 հունվարի 2012 - 18:15 AMT
Քեն Խաչիկյան. Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի

Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում:

«Թուրքիան այժմ հասել է այն աստիճանի, երբ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է: Նման օրինագծերի ընդունումն ու դրանց արձագանքը դրա ապացույցն են»,-ասել է Խաչիկյանը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ապա Խաչիկյանը դա գնահատել է որպես մեծ հաղթանակ հայերի համար, առաջին հերթին Հայ Դատի ներկայացուցիչների համար, որոնք երկար տարիներ են աշխատել այդ ուղղությամբ»:

Նա հավելել է, որ մյուս երկրները ևս կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին:

Ֆրանսիայի հետ կապերը խզելու թուրք իշխանությունների սպառնալիքների վերաբերյալ Խաչիկյանը նշել է, որ հարաբերությունների վատթարացում տեղի կունենա, ոչ այնքան երկար ժամանակով և շուտով Թուրքիան կրկին կսկսի համագործակցել պաշտոնական Փարիզի հետ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: