24 հունվարի 2012 - 20:42 AMT
ՀՀ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակում

Հունվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՆԱՏՕ Միջազգային ռազմական անձնակազմի Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ստորաբաժանման տնօրեն, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:

Քննարկվեցին նոր ոլորտներում համագործակցության հնարավորությունները և փոխգործակցության արդյունավետության բարձրացման եղանակները:

Գեներալ-մայոր Բրանկոն, անդրադառնալով Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին գործընկեր երկրների ներգրավմանը, երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: