25 հունվարի 2012 - 21:14 AMT
Արթուր Բաղդասարյանը հուսով է, որ Ֆրանսիայի քայլը օրինակ կծառայի ԵՄ մյուս պետությունների համար

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին և ժողովրդավարության սկզբունքներին: Այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության և աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար»,- գրել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ օրինագծի ընդունմամբ էլ ավելի կամրապնդվի դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությունը: