26 հունվարի 2012 - 09:28 AMT
Իրանը մտադիր է դադարեցնել նավթի արտահանումը Եվրոպա` մինչև ԵՄ էմբարգոյի ուժի մեջ մտնելը

Իրանի խորհրդարանն առաջիկա կիրակի կարող է վավերացնել եվրոպական երկրներին նավթի մատակարարման դադարեցման օրինագիծը, մինչև իրանական նավթի վերաբերյալ կսկսի գործել էմբարգոն: Այդ մասին գրում է Financial Times պարբերականը` հղելով Իմադ Հուսեյնիին: «Եթե օրինագիծն ընդունվի, կառավարությունը պարտավոր է դադարեցնել Եվրոպային նավթի վաճառքը, նախքան Եվրոպայի կողմից ընդունված նավթային էմբարգոն կգործի»,-հայտարարել է Հուսեյնին:

«Մեջլիսի բազմաթիվ ներկայացուցիչներ անհամբեր են հաստատելու օրինագիծը, որի համաձայն Իրանի դեմ պատժամիջոցներ ընդունած եվրոպական երկրներից ոչ մեկին մի կաթիլ նավթ չի վաճառվի»,-հայտարարել է մեջլիսի պատգամավոր Նասեր Սուդանին, որին մեջբերում է Tehran Times պարբերականը:

Սուդանիի կարծիքով, Եվրոպայի կողմից ընդունած պատժամիջոցները նախ և առաջ կանդրադառնան հենց իրենց վրա: Նախ, քանի որ իրանական նավթի փոխարեն եվրոպացիները ուրիշ բան չեն գտնի, երկրորդ`էմբարգոյի ընդունումը կհանգեցնի «սև ոսկու» գների աճի: Ուստի, Սուդանիի կարծիքով, եվրոպացիներն ուզած չուզած ստիպված են լինելու գնել իրանական նավթը միջնորդների միջոցով, ինչը էականորեն կբարձրացնի նրանց ծախսերը:

Նախորդ երկուշաբթի ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներ հաստատել էին իրանական նավթի մատակարարման համար էմբարգոյի ընդունումը: Նոր պատժամիջոցների փաթեթը ենթադրում է, որ հուլիսի 1-ից սկսած Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Թեհրանից, պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:

Financial Times-ի տվյալներով, 2011թ ԵՄ երկրներն Իրանից միջինում գնել են օրական 600 հազար բարել նավթ: Իրանական նավթի ներկրման հիմնական բաժինը, մոտ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային, Իսպանիային: Հունաստանում իրանական նավթի օգտագործումը մոտ 35 տոկոս է: