26 հունվարի 2012 - 16:25 AMT
Ռենո Մուսելյե. Ես ուրախ եմ, որ օրինագծի ընդունմամբ կդատապարտվեն բոլոր ցեղասպանությունները

Ֆրանսիան այն երկիրն է, որը պաշտպանում է մարդու իրավունքները, հավասարության ու եղբայրության գաղափարը, ուստի ֆրանսիական ժողովրդավարությունը միշտ գտել է այլատյացության դեմ պայքարի միջոցներ և դատապարտել է մարդկության դեմ ոճրագործությունները, ինչպես նաև այդ ոճրագործությունները ժխտող մարդկանց: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ռենո Մուսելյեն՝ մեկնաբանելով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

«Ես հավատարիմ եմ հումանիստական գաղափարներին և հպարտ եմ, որ խոսնակ եմ եղել իշխող կուսակցությունից, որը սատարում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին»,-ասել է նա:

Ինչպես նշել է Մուսելյեն, Ֆրանսիան արդեն դատապարտել էր Հոլոքոսթը և նա ուրախ է, որ «օրինագծի ընդունումից հետո բոլոր ցեղասպանությունները կդատապարտվեն»:

«Ես ուրախ եմ, որ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հնարավոր կլինի հարգել ժողովրդների միջև խաղաղ պայմաններում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: