26 հունվարի 2012 - 21:39 AMT
Հայաստան կներկրվի բելառուսական գյուղտեխնիկա

Հունվարի 23 – 25-ը Հայաստանում էր բելառուսական գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ:

Պատվիրակությունը Երևան էր ժամանել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Պրոմագրոլիզինգ» ընկերության միջև հունվարի 25-ին ստորագրվել է մտադրությունների մասին արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են տասնօրյա ժամկետում «Հայագրոսերվիս» ՓԲԸ-ի կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող մեկ այլ ընկերության և բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերության համագործակցության արդյունքում ստեղծել համատեղ ձեռնարկություն: Վերջինս կկազմակեպի բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան, ինչպես նաև կստեղծի սպասարկման կենտրոն, որը կառաջարկի համալիր ծառայությունների փաթեթ` ներառելով տեխնիկայի ընթացիկ սպասարկումից մինչև փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում:

Ըստ նախնական պայմանավորվածության, ներկրվող գյուղտեխնիկան կտրամադրվի լիզինգային եղանակով` 4-5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Տրակտորների գումարը կմարվի 6, իսկ կոմբայններինը` 8 տարվա ընթացքում: