28 հունվարի 2012 - 17:59 AMT
Եվրոպայում երիտասարդների գործազրկության ռեկորդային ցուցանիշներ են

Աշխարհը երիտասարդության զբաղվածության ճգնաժամ է ապրում: Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդը գործազուրկ է, իսկ զարգացող երկրներում երիտասարդների մեծամասնությունը զբաղված է տնտեսության ոչ պաշտոնական սեկտորում:

Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի զեկույցում, հաղորդում է MIGnews-ը:

Զեկույցի համաձայն, գործազրկության ռեկորդային ցուցանիշներ է գրանցել Եվրոպան. «Երիտասարդության գործազրկության մակարդակը 2011 թվականին հասել է մինչև 21%: Այն ռեկորդային թվերի է հասել այնպիսի պետություններում, ինչպիսիք են Բալթյան երկրները, Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան»:

2011թ. երկրորդ եռամսյակում գործազուրկ երիտասարդների բաժինն այդ երկրներում կազմել է 45%:

Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակն անցյալ տարի կազմում էր միջինը 19,4%: