31 հունվարի 2012 - 15:59 AMT
Դավութօղլու. Բողոքելով Ցեղասպանության մասին օրինագծի դեմ` սենատորները պաշտպանում են «իրենց երկրի պատմական արժեքները»

Ֆրանսիայի սենատորները, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը չեղյալ հայտարարելու պահանջով դիմելով Սահմանադրական խորհուրդ, պաշտպանում են «իրենց երկրի պատմական արժեքները», ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Սենատորների դիմումից հետո մնում է սպասել Սահմանադրական խորհրդի որոշմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ֆրանսիայի սենատորները հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներքո:

Սենատորները նախատեսված 60 ստորագրության փոխարեն հավաքել են 70 և, այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական խորհուրդ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: