31 հունվարի 2012 - 16:06 AMT
Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Ֆրանսիայի դատարանը «ճիշտ» որոշում կկայացնի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Ֆրասիայի դատարանը «ճիշտ» որոշում կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկման հարցում, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:

«Անհնար է հավատալ, որ ֆրանսիացիները թույլ կտան, որ իրենց երկիրը մնա նման անհարմար վիճակում»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Այսօր, հունվարի 31-ին Ֆրանսիայի սենատորները հավաքել են օրենքը բողոքարկելու համար անհրաժեշտ ստորագրությունները՝ պարտադիր 60 ստորագրությունների փոխարեն նրանք հավաքել են 70 ստորագրություն և այսօր կդիմեն Սահմանադրական դատարան:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: