31 հունվարի 2012 - 19:51 AMT
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության մասին օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիական սենատորներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետը իր և թուրք ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել այն ֆրանսիական սենատորներին, որոնք ստորագրել են այդ դիմումի ներքո: «Հավատում եմ, որ սենատորներն արել են բոլոր անհրաժեշտ բաները»,- ընդգծել է Էրդողանը:

Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիական սենատորների որոշման համար շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն այդ առիթով հայտնել է. «Ես չէի կարծում, որ ֆրանսիացիները սեփական պետությունը նման դժվար դրության մեջ կդնեն: Իսկ Սահմանադրական խորհուրդը, իհարկե, ճիշտ որոշում կկայացնի»:

Ֆրանսիայի սենատորները հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներքո:

Սենատորները նախատեսված 60 ստորագրության փոխարեն հավաքել են 70 և, այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական խորհուրդ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: