31 հունվարի 2012 - 20:54 AMT
Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմետ Ալի Այդընլարը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Այդընլարի հետ միասին հրաժարական են տվել նաև փոխնախագահներ Գյոքսել Գյումուշդաղն ու Լյութֆյու Արըբողանը:

Փետրվարի 27-ին տեղի կունենա արտակարգ համագումար, որի ժամանակ կընտրեն ԹՖՖ նոր նախագահին:

Պայմանավորված խաղերի հետ կապված հետաքննության և ձերբակալությունների արդյունքում անցյալ տարվա հուլիս ամսից թուրքական ֆուտբոլում լուրջ ճգնաժամ է ծագել: Սկանդալի մեջ ներքաշվել են 8 ակումբներ` «Ֆեներբահչեի» գլխավորությամբ:

ԹՖՖ-ն, չնայած ՈՒԵՖԱ-ի պնդումներին, մինչև հիմա պատիժ չի նշանակել այդ ակումբներին: Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ն ԹՖՖ-ից պահանջել է արագացնել պատիժը:

Նշենք նաև, որ Այդընլարը «Ֆեներբահչե» ակումբի անդամ է: Ինչպես նշվում է, նա ասել է, որ չի ուզում պատմության մեջ մտնել որպես նախագահ, որը պատիժ նշանակեց «Ֆեներբահչեի» համար: