2 փետրվարի 2012 - 19:10 AMT
Իրանի հետ ԱՄՆ պատերազմից կհաջողվի խուսափել, վստահ են հայ փորձագետները

Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունից կհաջողվի խուսափել, Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով` Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ թույլ չեն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նման որոշման ընդունումը, և բացի այդ. «Իրանի դեմ պատերազմ սկսելու համար օբյեկտիվ պատճառներ չկան»: Սաֆրաստյանի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և նպատակ չի հետապնդում միջուկային զենք ստեղծել, թեև դրա համար պոտենցիալ է ստեղծում:

«Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանն իր հերթին ընդգծել է, որ «Իրանն Իրաքը չէ», ունի ավելի հզոր բանակ և բնակչության թիվն էլ բազմապատիկ գերազանցում է Իրաքի բնակչությանը: Նա նշել է նաև, որ ռազմական գործողության դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով, և որ նրան կօժանդակեն շիաները Լիբանանում («Հըզբոլլահ») և Իրաքում: