2 փետրվարի 2012 - 20:43 AMT
Իրանը ոչ մի դեպքում միակողմանի կարգով չի փակի Օրմուզյան նեղուցը, վստահ է Ռաջաբ Սաֆարովը

Իրանը ոչ մի դեպքում միակողմանի կարգով չի փակի Օրմուզյան նեղուցը, քանի որ դա կարող է Արևմուտքի համար պատրվակ հանդիսանալ նրա դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը:

«Արևմուտքը երազում է, որպեսզի Իրանը փակի Օրմուզյան նեղուցը, քանի որ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի որոշում այլևս պետք չի լինի»,- ընդգծել է նա:

Սաֆարովը նշել է, որ Օրմուզյան նեղուցը փակելու վերաբերյալ սպառնալիքը Իրանի անունից հնչեցվել է միջին օղակի հրամանատարի կողմից, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձի: Սաֆարովի կարծիքով` Իրանն Օրմուզյան նեղուցը կփակի միայն ռազմական գործողությունների, հրթիռային հարվածներ ստանալու կամ էլ հարևան պետությունների միջոցով իր դեմ սադրանքների դեպքում: