8 փետրվարի 2012 - 20:53 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե ՌԴ ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը

Հայաստանի բարօրության համար ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանում նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ իր անձնական կարծիքի մասին հարցին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում կայունություն և կայուն զարգացում լինի: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում Ռուսաստանում, ազդում է մեր տնտեսության, սոցիալական և հասարակական կյանքի վրա: Եվ այդ տեսակետից ես գտնում եմ, որ դուք ինձ հետ կհամաձայնեք, որ այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը Պուտինն ու նրա գլխավորած կուսակցությունն է»,- նշել է տիգրան Սարգսյանը:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին, դրանց կմասնակցեն 5 թեկնածուներ` Վլադիմիր Պուտինը, Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Միխայիլ Պրոխորովն ու Սերգեյ Միրոնովը: