10 փետրվարի 2012 - 21:18 AMT
Ռոբերտ Գալոյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետը:

1985-1991թթ. աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետև 1997-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009թ. նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: Հարկային ծառայության գնդապետ է: