15 փետրվարի 2012 - 19:15 AMT
Սլովակիան արդարանու՞մ է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի` Արցախ կատարած այցի համար

Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի այցը ԼՂՀ հանդիսանում է «բացառապես մասնավոր նախաձեռնություն»: Այս հայտարարությունն արվել է Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան կողմից`Միկլոշկոյի` Ղարաբաղ կատարած այցելության վերաբերյալ, Ադրբեջանի բարձրացրած աղմուկին ի պատասխան:

«Նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն գլխավորել է սլովակյան Ազգային խորհուրդը դեռևս 1990-1992թթ` չեխոսլովական իշխանությունների օրոք»,-ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Սա Արցախ կատարած առաջին այցելությունը չէ: Նա ԼՂՀ այցելել է նաև 2010թ մայիսին:

Ղարաբաղը նորմալ ժողովրդավարական երկիր է, որը թռիչք է արձանագրել մարդու իրավունքների ապահովման գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:Ըստ Միկլոշկոյի, Ղարաբաղը պետք է ամրապնդի հարաբերությունները երկրների հետ մշակույթի, կրթության ու կրոնի ոլորտներում:

Միկլոշկոն հորդորել է Արևմուտքին աջակցել Ղարաբաղին, քանի որ առանց աջակցության նրան դժվար կլինի ամրապնդել իր պետականությունն ու տնտեսությունը: «Այդ իմաստով Ղարաբաղը նման է Արևմտյան Բեռլինին, որը երբեք չէր զարգանա առանց Արևմուտքի օգնության»,-ասել է նա:

Միկլոշկոն նաև ուշադրությունը հրավիրել է ԼՂՀ քրիստոնեական արժեքների վրա. «Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնց մասին հիշում են Ղարաբաղում»:

Անդրադառնալով սլովակյան ընկերությունների կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերին՝ Միկլոշկոն ասել է, որ ներդրողների համար տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է «Իրանի դեմ հնարավոր պատերազմի պատճառով»: «Սակայն, մենք կշարունակենք նախաձեռնել նոր նախագծեր»,-ասել է նա: