16 փետրվարի 2012 - 15:40 AMT
Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել Անկարայում ընթացող միջոցառմանը

Ամեն տարի Թուրքիայում անցնում է Առաջին աշխարհամարտի Հալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման կազմակերպիչների նիստը: Սակայն, այս անգամ Ֆրանսիայի ռազմական կցորդին թույլ չեն տվել մասնակցել նիստին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Պատճառը թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումն է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: «Համազգեստով երկու թուրքեր խնդրել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին լքել միջոցառումը»,-գրում է «Միլիեթը»:

Սակայն, չնայած ֆրանսիացի ներկայացուցիչների բացակայությանը, միջոցառումն անցել է սովորական մթնոլորտում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: